Կիրակնօրյա դպրոցներում 6-16 տարեկան երեխաները ստանում են հոգևոր ու ազգային դաստիարակություն

28 Օգոստոսի 2023, 10:21

Հայեր

Արարատյան Հայրապետական թեմի Կիրակնօրյա դպրոցներն ամռան ընթացքում ուխտագնացություններով ու ամառային բակային ճամբարներով ամփոփել են 2022-23թթ ուսումնական տարին։

Թեմական մի շարք համայնքների երեխաները միշտ սիրով են սպասում ամառային այս ժամանցի հնարավորությանը։ Դրանք միշտ հագեցած են լինում հոգեւոր, ինտելեկտուալ ու սպորտային խաղերով, տարբեր մրցույթներով։

Թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ այս տարի բակային ճամբարներ էին կազմակերպվել Դավթաշենի Սրբոց Նահատակաց, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին, Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց, Սուրբ Երրորդություն, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին  եկեղեցիների համայնքներում։ Դրանց մասնակցել են հարյուրավորր երեխաներ թե՛ Կիրակնօրյա դպրոցներից, թե՛ համայնքների հարակից թաղամասերից։

Կիրակնօրյա դպրոցները թեմում սկսել են գործել 1989թ․, երբ թեմի առաջնորդական փոխանորդը ներկայիս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետն էր։ Այդ տարիներին կիրակնօրյաները գործում էին հանրակրթական դպրոցների տարածքում։ Հետագայում Կիրակնօրյա դպրոցների հիմքի վրա մշակվել ու հանրակրթական դպրոցներում ներդրվել է Հայ Եկեղեցու պատմություն առարկան։ 2021-ին Արարատյան Հայարապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանի հանձնարարությամբ թեմի բոլոր եկեղեցիներում բացվել են Կիրակնօրյա դպրոցներ։

Կիրակնօրյա դպրոցներում 6-16 տարեկան երեխաները ստանում են հոգեւոր ու ազգային դաստիարակություն։

Հիմա եթերում