Գազի թանկացումը լուրջ մարտահրավեր կլինի Հայաստանի տնտեսության համար․ Ալեքսանդր Ֆրոլով
16 Սեպտեմբերի 2026, 21:45
Միջազգային էներգետիկ քաղաքականության և դիվանագիտության ինստիտուտի փոխտնօրեն, ՄԳԻՄՕ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆրոլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը չի տեղավորվում Հայաստանի նախատեսված տնտեսական սցենարների շրջանակում։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանն այսօր ռուսական գազը ստանում է այնպիսի գնով, որը համաշխարհային չափանիշներով շարունակում է մնալ չափազանց ցածր, թեև այն բարձր է Ռուսաստանի ներքին գներից։
«Հայաստանը գազ է ստանում չափազանց ցածր գներով։ Դրանք ավելի բարձր են, քան ՌԴ-ում գործող գները, սակայն ցածր են ոչ միայն համաշխարհային շուկաներում ներկայում արձանագրվող ցուցանիշներից, այլև այն գներից, որոնք գրանցվել էին մեկ տարի առաջ։ Համաշխարհային չափանիշներով սա չափազանց ցածր գին է», — նշել է Ֆրոլովը։
Փորձագետի խոսքով՝ գազի ձեռքբերման գնի բարձրացումն անխուսափելիորեն կհանգեցնի կամ բնակչության և բիզնեսի համար սակագների բարձրացմանը, կամ Հայաստանի պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռի առաջացմանը։
«Եթե մեծածախ գինը բարձրանա, պետությունը ստիպված կլինի կամ բարձրացնել սակագները, ինչը կհարվածի վերջնական սպառողի գրպանին, կամ փոխհատուցել գնի և գործող սակագների միջև առաջացող տարբերությունը։ Երկու տարբերակն էլ կանդրադառնա երկրի տնտեսության վրա», — ընդգծել է Ֆրոլովը։
Նա նաև նշել է, որ գազի գնի աճը կփոխի Հայաստանի տնտեսական կանխատեսումները։
«Ռուսական գազի գնի էական փոփոխությունը կարող է ազդել առաջիկա տարիների համար Հայաստանի տնտեսության կանխատեսվող ցուցանիշների վրա։ Գնի ցանկացած բարձրացում դրանք դուրս կբերի նախկինում հաշվարկված կանխատեսումների շրջանակից», — հավելել է նա։