ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալը կհանգեցնի գազի թանկացման և խնդիրներ կստեղծի ամբողջ տնտեսության համար․ Իգոր Յուշկով

16 Սեպտեմբերի 2026, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի փոփոխության հնարավոր հետևանքները։

Փորձագետի կարծիքով՝ ռուսական գազի գնի փոփոխությունն ուղղակիորեն կապված է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետ, և այդ դեպքում մատակարարումների գինը կարող է աճել առնվազն 30 տոկոսով։

«Հայաստանի ղեկավարությունը չի թաքցնում, որ ի վերջո ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ ՌԴ ղեկավարությունը մատնանշում է, որ երկիրը չի կարող միաժամանակ լինել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եթե Հայաստանն, ի վերջո, դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա կհայտնվի մի համակարգում, որտեղ ապրանքները կհարկվեն արտահանման և ներմուծման մաքսատուրքերով։

Ռուսաստանում խողովակաշարային գազի արտահանման համար սահմանված է շուկայական գնի 30 տոկոսի չափով արտահանման մաքսատուրք։ Հետևաբար, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա գազի գինը կբարձրանա առնվազն 30 տոկոսով», — նշել է Իգոր Յուշկովը։

Փորձագետի խոսքով՝ գազի գնի նույնիսկ նման բարձրացումը կհանգեցնի սակագների աճի, գնաճի արագացման և Հայաստանի տնտեսության վրա լրացուցիչ ճնշման։

«Գազի գնի բարձրացումը ենթադրում է սակագնի աճ Հայաստանի ներքին շուկայում՝ ինչպես բնակչության, այնպես էլ արդյունաբերության համար, ինչն էլ իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների թանկացման։ Ի վերջո, գազի գնաճը կանդրադառնա Հայաստանում արտադրվող բոլոր ապրանքների, ապրանքատեսակների և ծառայությունների ինքնարժեքի վրա, ինչն էլ կխթանի ընդհանուր գնաճը։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի կենտրոնական բանկը ստիպված կլինի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետևանքով վարկերը կթանկանան թե՛ բնակչության, թե՛ մասնավոր հատվածի համար՝ դանդաղեցնելով Հայաստանի ամբողջ տնտեսական աճը», — ընդգծել է Յուշկովը։