Իրանը նամակ է ուղղել ՄԱԿ-ին՝ կապված Թրամփի սպառնալիքների հետ

28 Սեպտեմբերի 2026, 15:19

Միջազգային

ՄԱԿ-ում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ղոլամհոսեյն Դարզին պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների կապակցությամբ, հայտնում է IRNA-ն։

Նամակում նշվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Իրանի հասցեին հնչեցրած՝ ոչնչացման վերաբերյալ հրապարակային սպառնալիքները դուրս են գալիս քաղաքական հռետորաբանության շրջանակներից և, իրանական կողմի գնահատմամբ, հակասում են միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Իրանական կողմը նաև նշել է, որ նման հայտարարությունները չեն դիտարկում որպես առանձին դեպք՝ դրանք համարելով Իրանի նկատմամբ հրապարակային ճնշման շարունակություն։

Նամակում ընդգծվում է նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնի օգտագործումը մի ամբողջ պետության և ժողովրդի ոչնչացման սպառնալիքների համար վնասում է ՄԱԿ-ի հեղինակությանը և միջազգային անվտանգության հիմքերին։

Իրանը միաժամանակ հայտարարել է, որ ցանկացած ագրեսիայի փորձի դեպքում երկիրը և նրա զինված ուժերը դիմադրելու են՝ ընդգծելով ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։