Ստրասբուրգում կքննարկեն Հայաստանում ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները․ Նարեկ Կարապետյան

28 Սեպտեմբերի 2026, 15:30

Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակում այսօր Ստրասբուրգում կքննարկվի Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ զեկույցը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նարեկ Կարապետյանը Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ քննարկման ավարտից հետո հայկական կողմը հանդես կգա իր մեկնաբանություններով։

«Մեզ համար կարևոր է մասնակցել հայկական և եվրոպական ինստիտուտների համաչափ ինտեգրման գործընթացին։ Մենք մի քանի առաջարկ ունենք այն մասին, թե ինչպես կարող են հայկական առանձին ոլորտներ ինտեգրվել եվրոպական համակարգին։ Կարծում եմ՝ այս աշխատանքը պետք էր վաղուց իրականացնել, սակայն հիմա ստիպված ենք դրանով զբաղվել։ Անհրաժեշտ է աշխատել, և այս պահին մենք հենց դրա վրա ենք կենտրոնացած»,- ասել է Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի խոսքով՝ եվրաինտեգրման համատեքստում կարևոր է Հայաստանում ժողովրդավարական արժեքների և սկզբունքների երաշխավորումը։

«ԵԽԽՎ-ն հենց այն կառույցներից մեկն է, որի շրջանակում պետք է քննարկվեն նման հարցերը։ Մենք պետք է ձգտենք, որպեսզի այդ սկզբունքները պաշտպանված և երաշխավորված լինեն Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր քննարկվելիք ընտրական գործընթացին վերաբերող հարցերը նույնպես հենց դրան են վերաբերում, քանի որ Հայաստանում ընտրությունների ընթացքում առաջացել են լեգիտիմության հետ կապված խնդիրներ։

Ակնհայտ է նաև, որ այս ընտրություններում հավասար քաղաքական մրցակցության պայմանները չեն ապահովվել։ Դրա հետ կապված մենք տեսնում ենք համապատասխան քաղաքական հետևանքներ»,- ասել է Վարդևանյանը։

Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում այսօր քննարկվելու է Շվեյցարիայից զեկուցող Դամիեն Կոտյեի՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցը։