Փաշինյանը փորձում է մանևրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Ալեքսանդր Շատիլով
28 Սեպտեմբերի 2026, 22:30
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Շատիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերափոխման մասին հայտարարությունը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերափոխման մասին Փաշինյանի հայտարարություններին, ապա այստեղ որոշակի քաղաքական խաղ եմ տեսնում. մի կողմից՝ նա հետևողականորեն շարժվում է դեպի Արևմուտք, մյուս կողմից՝ դեպի Թուրքիա: Այս իրավիճակում Փաշինյանն աստիճանաբար հեռանում է Ռուսաստանից և դուրս գալիս հայ-ռուսական համագործակցության տիրույթից:
Մյուս կողմից՝ նա ստիպված է հաշվի առնել որոշակի օբյեկտիվ հանգամանքներ, ինչպիսիք են Ռուսաստանի հետ սոցիալ-տնտեսական հարաբերությունները և հայ հասարակության տրամադրությունները, որն, ընդհանուր առմամբ, մինչ օրս էլ Ռուսաստանը դիտարկում է որպես դաշնակցի և շարունակում է կողմնորոշված մնալ դեպի ՌԴ-ն։ Բացի այդ, նա չի կարող անտեսել Ռուսաստանում բնակվող մեծաթիվ հայկական համայնքի գործոնը։
Հետևաբար, իմ կարծիքով, Փաշինյանը մանևրում է․ մի կողմից՝ ցուցադրաբար և սեփական նախաձեռնությամբ չի խզում Ռուսաստանի հետ կապերը, սակայն միաժամանակ աստիճանաբար և, ինչպես ասում են, բավական հետևողականորեն հեռանում է Ռուսաստանից՝ շարժվելով հակառակ ուղղությամբ։ Այսինքն՝ նա, իր վարչակազմի համար, ցանկանում է, այսպես ասած, Ռուսաստանի Դաշնության հետ «հանգիստ բաժանում» իրականացնել՝ միաժամանակ պահպանելով Մոսկվայի հետ համագործակցությունից ստացվող առավելությունները»,- նշել է փորձագետը։
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ դեպի Արևմուտք Հայաստանի ընթացող կողմնորոշումը կարող է հանգեցնել երկրի տնտեսական և քաղաքական ցուցանիշների վատթարացման։
«Մենք տեսնում ենք, որ հետխորհրդային հանրապետությունների՝ դեպի Արևմուտք նման կողմնորոշումը շատ հաճախ այդ երկրների համար լուրջ խնդիրների է հանգեցնում։ Դա և՛ ներքին հակասությունների սրումն է, և՛ կենսամակարդակի անկումը, և՛ այն իրավիճակը, երբ, այսպես ասած, հետապնդելով երկնքում երևացող արևմտյան կռունկին՝ այդ երկրները կորցնում են ձեռքերում եղած թռչունը։
Ես մտավախություն ունեմ, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել նաև Հայաստանի դեպքում, որն այս պահին մեծապես դարձել է Փաշինյանի բավական յուրահատուկ քաղաքականության պատանդը»,- հավելել է Շատիլովը։