Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «վերադարձի» գործընթացին

28 Սեպտեմբերի 2026, 23:41

Քաղաքականություն

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հերթական անգամ դիմել է ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմներին՝ պահանջելով աջակցել իր կողմից «արևմտյան ադրբեջանցիներ» անվանվող անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք «անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի» գործընթացին։

Կազմակերպությունը պնդում է, թե խոսքը ժամանակակից Հայաստանի տարածքից հեռացած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության մասին է, և ՄԱԿ-ից ակնկալում է գործուն ներգրավվածություն։ Նմանատիպ պահանջներ կազմակերպությունը միջազգային կառույցներին ներկայացրել է նաև նախկինում։ ՄԱԿ-ում շրջանառված ադրբեջանական փաստաթղթերում առաջարկվում է միջազգային մասնակցությամբ ստեղծել հատուկ մեխանիզմներ՝ այդ վերադարձն ապահովելու համար։

Դիմումում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության վիճակին։ Խումբը պահանջում է ՄԱԿ-ի և մասնագիտացված այլ կառույցների ներգրավմամբ գնահատել այդ հուշարձանների վիճակը, ինչպես նաև աջակցել դրանց պահպանմանն ու վերականգնմանը։ Նմանատիպ թեզեր ներառված են նաև կազմակերպության հրապարակած «Վերադարձի հայեցակարգում»։

Հարկ է նշել, որ «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերաբերյալ Ադրբեջանի և վերջինիս հովանավորությունը վայելող կառույցների կողմից կիրառվող քաղաքական-տարածքային հավակնոտ անվանում է։ Այն որևէ իրավական կարգավիճակ չունի և ՄԱԿ-ի կողմից ճանաչված չէ։