Սփյուռքահայերի շրջանում ավելացել է Հայաստանում անշարժ գույք գնելու լիազորագրերի պահանջարկը․ նոտար

29 Սեպտեմբերի 2026, 23:20

Կարծիք | Հասարակություն

Հայ համայնքն ինտենսիվորեն օգտվում է ինչպես նոտարական թարգմանություններից, այնպես էլ տարաբնույթ լիազորագրերի ձևակերպումներից, որոնց պահանջարկը վերջին շրջանում զգալիորեն աճել է։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է նոտար Կարեն Մատինյանն՝ անդրադառնալով սփյուռքահայության կողմից ամենահաճախ պահանջվող նոտարական ծառայություններին, լիազորագրերի տեսակներին և Հայաստանի անշարժ գույքի շուկայում նկատվող միտումներին։

Նա առանձնակի ուշադրություն է հրավիրել ժառանգության հետ կապված լիազորագրերի իրավական նրբություններին՝ քաղաքացիներին հորդորելով խստորեն պահպանել սահմանված ժամկետները։ Նոտարը նաև նշել է, որ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ մեծ պահանջարկ ունեն նվիրատվության, ինչպես նաև Հայաստանում ինքնակամ շինությունների օրինականացման համար տրվող լիազորագրերը։

«Ժառանգությունն ընդունելու կամ դրանից հրաժարվելու համար օրենքով սահմանված է 6-ամսյա ժամկետ։ Այդ ընթացքում գործընթացն իրականացնելն անհամեմատ հեշտ է․ քաղաքացիները հնարավորություն ունեն նոտարական կարգով ընդունելու կամ հրաժարվելու ժառանգությունից։ Վեցամսյա ժամկետը բաց թողնելուց հետո գործընթացը էապես բարդանում է, և հնարավոր է՝ հարցը տեղափոխվի դատական հարթություն»,- նշել է նոտարը։

Կարեն Մատինյանն ընդգծել է, որ անցյալ տարվա համեմատ այս տարի զգալիորեն ավելացել են հենց անշարժ գույքի գնման լիազորագրերը։

«Ավելի շատ գնում են, քան վաճառում։ Դա ունի մի քանի բացատրություն։ Առաջինն այն է, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ մարդկանց վստահությունը Հայաստանի նկատմամբ աճել է։ Բացի բնակության նպատակով գույք ձեռք բերելուց, շատերը դա անում են ներդրումային նպատակներով․ գնում են անշարժ գույքը, հանձնում վարձակալության և պասիվ եկամուտ ապահովում իրենց համար՝ պարտադիր չհամարելով մշտական բնակության տեղափոխվելը»,- պարզաբանել է նոտարը։

Հիմա եթերում