Քաղաքական հետապնդման ամբողջ առանձնահատկությունը քաղաքական պատվերի շրջանակում է․ Արամ Վարդևանյան

30 Սեպտեմբերի 2026, 15:50

Կարծիք | Քաղաքականություն

Միայն «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների, անդամների և համակիրների շրջանում ավելի քան 300 դեպք է արձանագրվել, երբ կիրառվել են կալանավորում, ձերբակալում և քրեական ռեպրեսիվ այլ գործիքներ։ Դրանք բոլորն էլ պարունակել են քաղաքական բաղադրիչ։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Հայաստանում քաղաքական հետապնդումների վերաբերյալ քննարկումներին։

«Ընդհանրապես, երբ խոսում ենք ընտրովի հետապնդումների մասին, այդ պատասխանատվությունը պետք է կրի քաղաքական իշխանությունը։ Այսինքն՝ քաղաքական հետապնդման դեպքում կոնկրետ քաղաքական թիմն է պատասխանատուն։ Իհարկե, եթե նայում ենք, թե ինչպես է դա ի վերջո իրականացվում, մեխանիզմը գործադրվում է քննիչի, դատախազի և դատարանի կողմից, բայց քաղաքական հետապնդման ամբողջ առանձնահատկությունը քաղաքական պատվերի շրջանակում է։ Հետևաբար, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատվության տիրույթում է»,- նշել է նա։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ որոշակի իմաստով հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է կոչ անում իշխանություններին՝ դադարեցնել այդ ամենը։

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաև «Բարգավաճ Հայաստան»-ին վերաբերող իրավիճակին՝ նշելով, որ այստեղ խոսքն ավելի շատ քաղաքական գնահատականի մասին է, քանի որ իրավական գործիքակազմը, ըստ նրա, արդեն սպառվել է։

«Այստեղ շատ կարևոր էր դրա արձանագրումը քաղաքական ընդհանուր մթնոլորտի պայմաններում։ ԲՀԿ-ի մանդատների կշռի ամենամեծ շահառուն եղել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այս ամենը հանգեցնում է լեգիտիմության խնդրի հենց այն 3/5-րդ մանդատի մասով, որը ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այստեղ կարևոր է հիշեցնել մեր հայրենակիցներին, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» 3/5-ը չունենար, ապա դա իր հերթին շղթայական մի շարք հետևանքների էր հանգեցնելու»,- ասել է Արամ Վարդևանյանը։