«Ձեր՝ գերազանց հայերեն իմանալն ո՞ւմ է պետք, երբ ձեր իշխանության օրոք Արցախ է հանձնվել»․ Գրիգորյանը՝ Ռուբինյանին

06 Հոկտեմբերի 2026, 10:34

Քաղաքականություն

«Պարոն Ռուբինյան, Ձեր՝ գերազանց հայերեն իմանալն ո՞ւմ է պետք, երբ ձեր իշխանության օրոք Արցախ է հանձնվել, ադրբեջանցի զինվորը սուսուփուս մտնում է և վնասում հայ կնոջը»,- ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև Եկեղեցում «առկա ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ հարց ուղղելով. «Եկեղեցու ներքին հարցերին վերաբերող քննիչ հանձնաժողով ձևավորելու համար ի՞նչ իրավական հիմք ունեք»։

«Ես հիմա ուզում եմ՝ դուք ոչ թե ձեր ուղղակի կարծիքը, ցանկությունները, երազանքները, այլ իրավական հիմնավորում ներկայացնեք։ Պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենսդրության 17-րդ հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից, պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին։ Իսկ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին»,– ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ առհասարակ, քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել ազգային հարցերի շուրջ։