«ԱՄՆ-ի հրաժարումը եվրոպացի դաշնակիցների փոխարեն պատերազմելուց կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը». Ֆյոդոր Լուկյանով

06 Հոկտեմբերի 2026, 20:40

Կարծիք | Քաղաքականություն

Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ, «Վալդայ» ակումբի գիտական ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է բազմաբևեռ աշխարհի հեռանկարներին և ռուս-ամերիկյան հարաբերություններին։

Խոսելով բազմաբևեռ աշխարհում ԱՄՆ-ի դերի և Դոնալդ Թրամփի մոտեցումների մասին՝ փորձագետը նշել է.

«Ինձ համար նախագահ Թրամփն ամենևին չի հակասում բազմաբևեռ աշխարհի գաղափարին։ Ընդհակառակը՝ նա յուրովի հաստատում է այն։ Եթե խորանանք, Թրամփը, ըստ էության, դեմ չէ բազմաբևեռությանը։ Պարզապես այդ բազմաբևեռ աշխարհում գլխավոր՝ ամենահզոր բևեռը, որը կարող է անել գրեթե ամեն ինչ, ԱՄՆ-ն է։ Մնացածի մասով դիրքորոշումը մոտավորապես հետևյալն է. «Ինչ ուզում եք՝ արեք, բայց այն ամենը, ինչ մեզ պետք է, ինչ համարում ենք մեր շահը, իրավունքը կամ անհրաժեշտությունը, մենք ստանալու ենք, որովհետև ամենաուժեղ բևեռն ենք։ Իսկ մնացածներդ… ինչպես ստացվի, զբաղվեք ձեր գործերով»։

Այսինքն՝ Թրամփի մոտ չկա այն, ինչ կար միաբևեռ հեգեմոնիայի ժամանակաշրջանում, երբ Միացյալ Նահանգները փորձում էին կանոնակարգել ամբողջ աշխարհի կյանքը։ Այն, ինչ մեզ պետք է, դա էլ կվերցնենք»։

Անդրադառնալով ուկրաինական հակամարտության վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշմանը՝ Լուկյանովն ընդգծել է, որ քաղաքականության էական փոփոխություններ պետք չէ ակնկալել.

«Այս պահին սպասելիքներ պետք չէ ունենալ. Թրամփի օրոք ԱՄՆ-ը հեռացել է ուկրաինական հակամարտությունից՝ դադարելով դրա անմիջական մասնակիցը լինելուց։ Նրանք ավելի շուտ հանդես են գալիս որպես ոչ օբյեկտիվ միջնորդ՝ պատասխանատվությունը փոխանցելով Եվրոպային։ Վաշինգտոնի համար միակ անցանկալի սցենարը Ռուսաստանի խոշոր հաղթանակն է, իսկ մնացած ամեն ինչ սկզբունքային նշանակություն չունի։ Նույնիսկ եթե դեմոկրատները վերադառնան իշխանության, անմիջական ներգրավվածությունից դուրս գալն արդեն անշրջելի է. ԱՄՆ-ը կրկին չի ծախսի իր ռեսուրսները, առավելագույնը՝ կփոխվի հռետորաբանությունը»։

Հիմա եթերում