Առանց ուկրաինական հակամարտության կարգավորման՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լուրջ մեղմացում սպասել պետք չէ․ Մալեկ Դուդակով

06 Հոկտեմբերի 2026, 21:40

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, ամերիկագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության հնարավոր մեղմացման հեռանկարները։

«Այս պահին, իմ կարծիքով, դժվար թե Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության շրջանակում որևէ լուրջ փոփոխություն տեսնենք։ Քանի դեռ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորված չէ, Թրամփի վարչակազմի հնարավորությունները՝ պատժամիջոցները մեղմելու հարցում, սահմանափակ են։

Կարծում եմ՝ նրա թիմի ներկայացուցիչների մի զգալի մասը դեմ չէր լինի նման մեղմացմանը, քանի որ շահագրգռված է ռուսական բիզնեսի ներկայացուցիչների հետ փոխշահավետ գործարար պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում։ Սակայն եթե նման քայլերի գնան միակողմանիորեն՝ առանց ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում էական առաջընթացի, դա կարող է ԱՄՆ-ի ներսում հանգեցնել այնպիսի մեղադրանքների, թե վարչակազմը զիջումների է գնում Ռուսաստանին և հանձնում իր դիրքերը», — հայտարարել է Դուդակովը։

Քաղաքագետի խոսքով՝ Վաշինգտոնը կարող է մասնակիորեն վերանայել սահմանափակումները՝ օգտագործելով հումանիտար կամ քաղաքական առիթներ։

«Այս պահին, ըստ ամենայնի, տարբեր տարբերակներ են դիտարկվում։ Օրինակ՝ կարող է կիրառվել պայմանականորեն «բելառուսական սցենարը», երբ որոշակի թվով կալանավորվածների ազատ արձակումը կարող է հիմք դառնալ պատժամիջոցների մի մասի մեղմացման համար։

Խոսքը կարող է վերաբերել ձերբակալված ամերիկյան քաղաքացիներին կամ ռուսական ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցիչներին։ Սակայն նույնիսկ նման սցենարն առայժմ այնքան էլ իրատեսական չի թվում, քանի որ Ուկրաինայի հակամարտությունը շարունակվում է», — նշել է փորձագետը։

Դուդակովի կարծիքով՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում ամերիկյան պատժամիջոցների մասնակի մեղմացման հավանականություն կա, սակայն շատ բան կախված կլինի բանակցային գործընթացի արդյունքներից և Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետագա զարգացումից։

«Երկարաժամկետ հեռանկարում նման հնարավորություններ, անշուշտ, կան։ Վաղ թե ուշ հակամարտությունը կավարտվի, և բանակցությունները կընթանան այս կամ այն ձևաչափով։ Այդ դեպքում իսկապես կարելի է ակնկալել Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների առնվազն մի մասի մեղմացում՝ առաջին հերթին այն ոլորտներում, որոնք անմիջականորեն առնչվում են ԱՄՆ-ի շահերին, օրինակ՝ նավթագազային ոլորտում կամ ֆինանսական համակարգում։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների ամբողջական վերացումը, իմ կարծիքով, շարունակում է մնալ քիչ իրատեսական սցենար։ Հետևաբար, առայժմ վաղ է խոսել լուրջ փոփոխությունների մասին․ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա ուկրաինական ճգնաժամը և ինչ կերպ այն կավարտվի», — եզրափակել է Դուդակովը։

Հիմա եթերում