Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել նաև Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ

08 Հոկտեմբերի 2026, 14:20

Հասարակություն

Հայաստանի Հրազդան քաղաքում օգոստոսին բացված՝ ամերիկյան «Firebird AI» ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի հզորությունը մինչև 2027 թվականի վերջը 300 ՄՎտ-ի հասցնելու համար լրացուցիչ էներգետիկ հզորություններ կպահանջվեն։ Դրա հետևանքով Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտի, ինչը կանդրադառնա նաև շարքային քաղաքացիների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

Նա հիշեցրել է, որ 300 ՄՎտ-ը ձմռանը Հայաստանի էներգահամակարգի պիկ բեռնվածության գրեթե մեկ քառորդն է՝ 1,3 ԳՎտ։ Հայաստանի ԱԷԿ-ին, որտեղ անխափան աշխատում է խորհրդային արտադրության ВВЭР-440 ռեակտորը, բաժին է ընկնում հանրապետության ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե 30%-ը։

Շևցովը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ևս մեկ ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Որպես հնարավոր գործընկերներ նշվում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի խոսքով՝ ԱՄՆ-ը արտերկրում ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցել և չի կառուցում, իսկ Ֆրանսիան նման տեխնոլոգիաներ չունի։
«Ֆիննական Օլկիլուոտոյում երրորդ էներգաբլոկի կառուցման 17 տարիների ընթացքում՝ 2005-ից մինչև 2021 թվականը, դրա արժեքն աճել է գրեթե 4 անգամ՝ 3,2 միլիարդից հասնելով 17,7 միլիարդ եվրոյի»,- ասել է Շևցովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն այժմ արտերկրում կառուցում է 30 էներգաբլոկ, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորներ։

Ալեքսեյ Շևցովը նաև հայտարարել է, որ Firebird ընկերությունը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ուստի ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ նրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։ Նրա խոսքով՝ արդյունքում հայկական պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները կարող են հասանելի լինել Վաշինգտոնին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության։

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքների իրականացման համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում 2024 թվականից գործում է ռուսական OVIO տվյալների կենտրոնը։ Շևցովի պնդմամբ՝ այն ամբողջությամբ բավարարում է տվյալների պահպանման հարցում առևտրային և պետական կառույցների կարիքները, ուստի Հրազդանի նոր կենտրոնը Հայաստանի ներքին կարիքների համար ակնհայտորեն ավելորդ է։

Հիմա եթերում