Եվրոպան թերագնահատում է Ռուսաստանի հետ միջուկային հակամարտության վտանգը․ Գեորգի Ասատրյան
09 Հոկտեմբերի 2026, 22:30
Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման վտանգը, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
Անդրադառնալով Իրանին հնարավոր հարվածներին՝ Ասատրյանը նշել է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի՝ դրանք իրականացնելու հնարավորությունները զգալիորեն նվազել են, քանի որ Պարսից ծոցի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները լրջորեն վնասվել են․ դրանցից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մյուսները՝ շարքից դուրս եկել։
«Դրանք այլևս ի վիճակի չեն համակարգելու հարձակումները, մինչդեռ հիմնական շեշտը դրված էր հենց այդ հենակետերի վրա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին, ապա դրանց մի մասն արդեն դուրս է բերվել Պարսից ծոցի գոտուց, քանի որ իրանական մոտորանավակներն ու ծովային անօդաչու սարքերը լուրջ վտանգ են ներկայացնում։ Հետևաբար՝ պարզ չէ, թե ինչ միջոցներով են պատրաստվում հարվածել։ Տեսականորեն հնարավոր է եռօրյա ինտենսիվ հարվածների շարք, սակայն այն որևէ նպատակի չի հանգեցնի»,- հայտարարել է Գեորգի Ասատրյանը։
Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտությունն առայժմ անխուսափելի չէ։ Նրա խոսքով՝ միջուկային զսպումը զերծ է պահում Եվրոպային ագրեսիվ քայլերից, սակայն քաղաքական շրջանակները թերագնահատում են լայնածավալ պատերազմի դեպքում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման վտանգը։ ։
«Միջուկային զսպումն աշխատում է և եվրոպական վերնախավերին հետ է պահում կտրուկ քայլերից։ Սակայն նրանք չեն հավատում, որ Ռուսաստանը կարող է դիմել միջուկային զենքի՝ ենթադրելով, թե պատերազմը կսահմանափակվի միայն սովորական սպառազինությամբ։ Իրական վտանգը ներկայացնելու մեր բոլոր փորձերն ապարդյուն են անցել, և այս մոլորությունը լուրջ խնդիր ու ողբերգություն է դառնում Եվրոպայի համար»,- նշել է փորձագետը։
Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր կարգավորմանը և Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև գաղտնի պայմանավորվածությունների մասին արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներին՝ Ասատրյանը հաստատել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Միևնույն ժամանակ, նա առայժմ բավարար հիմքեր չի տեսնում կողմերի միջև էական մերձեցման համար։
«Որքանով հասկանում եմ, այս ուղղությամբ բավական լուրջ աշխատանք է տարվում, և դրանով երկու կողմից էլ փորձառու ու պրոֆեսիոնալ մարդիկ են զբաղվում։ Սակայն, ցավոք, առայժմ հաջողության իրական հնարավորություններ չեմ տեսնում, քանի որ ամերիկյան կողմը բավական կոշտ պահանջներ է առաջադրում՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։
Այդ բոլոր հնարավորությունները տապալող հիմնական ուժը Կիևն է։ Ցավոք, առայժմ հարաբերությունների կարգավորման լուրջ հեռանկարներ չկան, քանի որ Կիևն ու Եվրոպան խոչընդոտում են գործընթացին՝ կարծելով, թե իրավիճակը կարող է փոխվել։ Նրանք ենթադրում են, որ կարող են պարզապես սպասել, մինչև Վաշինգտոնում իշխանության գան Թրամփի կողմնակիցները, որոնք չեն ցանկանա ներքաշվել ուկրաինական հակամարտության մեջ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին ձեռնտու չէ Ռուսաստանի լիակատար հաղթանակը։ Ամերիկացիներին անհրաժեշտ է ձգձգվող հակամարտություն, որից նրանք կարող են շահույթ ստանալ, և որտեղ ամերիկյան ռազմարդյունաբերական ու տեխնոլոգիական ոլորտները կարող են օգուտներ քաղել ու փորձարկումներ իրականացնել։ Ուկրաինան բառի բուն իմաստով փորձադաշտ է»,- նշել է Գեորգի Ասատրյանը։