Ռուբիոյից ակնկալում ենք հստակ որոշում՝ Ադրբեջանի ռազմական օգնության հարցում․ Կարեն Ջինբաշյան
09 Հոկտեմբերի 2026, 23:55
Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները շարունակվում են, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակի նպատակն է կանխել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու սահմանափակումները շրջանցելու հնարավորությունը։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Հայ դատի հանձնախմբի (ANCA) Արևմտյան Ամերիկայի տարածաշրջանային գրասենյակի մամուլի քարտուղար Կարեն Ջինբաշյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են արել Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը։ Որպես հիմնավորում նրանք վկայակոչել են Բաքվի կողմից ապօրինի կալանավորված հայերի նկատմամբ կայացված դատավճիռները, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող ռազմական օկուպացիան։
Կարեն Ջինբաշյանի խոսքով՝ Կոնգրեսի անդամներին դիմելը և հայկական համայնքների մտահոգությունները ներկայացնելը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործունեության կարևոր ուղղություններից են։
«Սեպտեմբերին ավելի քան 120 համայնքային ներկայացուցիչներ՝ ԱՄՆ 30 նահանգներից, այցելել են Կոնգրես՝ ներկայացնելու հայկական օրակարգի առաջնահերթությունները։ Կայացել է ավելի քան 150 հանդիպում»,- ընդգծել է Ջինբաշյանը։
Անդրադառնալով Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցին՝ նա հիշեցրել է, որ ԱՄՆ օրենսդրությամբ սահմանափակումներ են նախատեսված Ադրբեջանին ռազմական օժանդակություն տրամադրելու հարցում, սակայն նախագահն իրավասու է ամեն տարի շրջանցել այդ սահմանափակումները։
Ըստ Ջինբաշյանի՝ Մարկո Ռուբիոյին ուղղված նամակի նպատակն է հիշեցնել այդ իրավական դրույթների մասին և կոչ անել թույլ չտալ դրանց շրջանցումը։
«Նամակն արդեն հասել է Ռուբիոյի գրասենյակ, և այժմ սպասում ենք արձագանքին։ Կարևոր է, որ նա ճիշտ որոշում կայացնի՝ հաշվի առնելով այն, ինչ իրականում տեղի է ունենում»,- նշել է Հայ Դատի ներկայացուցիչը։