Հայաստանը պարտավորություններ ունի Արցախի անվտանգության ապահովման հարցում. ակցիա կառավարության դիմաց
29 Օգոստոսի 2023, 19:50
«Մենք Արցախն ենք» եւ «Տնից հեռու երեխաները» նախաձեռնության անդամները երկու օր է՝ առեւանգված երեք արցախցի երիտասարդներին ազատելու պահանջով բողոքի ակցիա են իրականացնում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Այսօր նրանք որոշեցին իրենց պահանջը ներկայացնել նաեւ Հայաստանի կառավարությանը:
Հայաստանում ՌԴ դեսպանության դիմաց ակցիա անելուց հետո արցախցիները երթով շարժվեցին կառավարության շենքի մոտ: Նրանց ձեռքին ՀՀ անձնագրեր կային:
Ելույթ ունենալով կառավարության շենքի դիմաց՝ արցախցիները հայտարարեցին, թե Հայաստանի իշխանությունը իրավունք չունի Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:
«Ադրբեջանն ավելացրել է իր ագրեսիան այդ հայտարարությունից հետո: Հայաստանի իշխանությունը մանդատ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս: ՀՀ իշխանությունը պատասխանատվություն է կրում իր 120 000 քաղաքացիների համար»,- հայտարարեցին արցախցիները:
«Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամ Լիանա Պետրոսյանը Alpha News-ի հետ զրույցում ընդգծեց՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանը հանդիսանում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, հետեւաբար, պետք է ապահովի այդ հայտարարության դրույթները:
«Հայաստանը փաստացի պարտավորություններ ունի Արցախի անվտանգության ապահովման հարցում: Մենք պահանջում ենք, որ Հայաստանը տեր կանգնի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»,- ասաց Լիանան:
Հիշեցնենք՝ ադրբեջանցիները երեկ առեւանգել են Հակարիի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցի երեք երիտասարդի՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին եւ Լեւոն Գրիգորյանին: