Քոչարյանի ապօրինի կալանավորման պատասխանատուները կոնկրետ անուններ և ազգանուններ ունեն․ Բագրատ Միկոյան

14 Հոկտեմբերի 2026, 11:23

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ թվով չորրորդ ապօրինի կալանավորումը և նրա դեմ հարուցված ապօրինի քրեական գործը որևէ պարագայում չպետք է բնականոն կամ առօրյա երևույթ դառնան քաղաքական դաշտի մասնակիցների համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում Արցախի և Հայաստանի նախագահի ապօրինի քրեական հետապնդումը չի դադարեցվել, քաղաքական կյանքի բնականոն ընթացքի մասին խոսելը կլինի ավելորդ շահարկում»,- նշել է նա։

Բագրատ Միկոյանի խոսքով՝ քաղաքական հետապնդման առաջին ցուցիչներից մեկն այն է, որ քաղաքական գործիչը զրկվում է իր գործունեությունն իրականացնելու հնարավորությունից՝ առանց դրա վերաբերյալ դատական որևէ ակտի։

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն իրականցվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, բայց կալանավորման միջնորդությունների և որոշումների տակ վարչապետի ստորագրությունը չկա։

«Վաղը, մյուս օրը կամ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով ասելու է՝ ես չկամ, իմ անուն-ազգանունը դրա տակ չկա։ Բայց այդ ապօրինի միջնորդությունների ու որոշումների տակ կան կոնկրետ անուններ և ազգանուններ՝ Աննա Վարդապետյան, Ծովակ Մնացականյան և վճիռները կայացնող դատավորներ»,- ասել է Միկոյանը։