Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը․ Արամ Օրբելյան
14 Հոկտեմբերի 2026, 11:32
Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը՝ նույն հիմնավորումներով, որոնք կիրառվել են բազմաթիվ այլ նմանատիպ գործերով։ Այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը նշել է, որ դատարանը կալանքի հիմքերի վերաբերյալ ներկայացրել է ընդհանուր և ձևական ձևակերպումներ՝ առանց դրանք մանրամասն հիմնավորելու։
Օրբելյանի խոսքով՝ բողոքում առաջին հերթին հիմնավորվել է, որ Քոչարյանին վերագրվող գործողություններում հիմնավոր կասկած չկա, քանի որ խոսքը վերաբերում է գործընթացների, որոնց շրջանակում նրա գործողությունները պայմանավորված են եղել սահմանադրական պարտականությունների կատարմամբ։
«Ես չեմ ասում՝ ապացույցը, նյութը հաստատված է, թե հաստատված չէ։ Ասում եմ՝ մեղսագրվող գործողությունը նրա սահմանադրական պարտականությունը կատարելն էր։ Սահմանադրությամբ սահմանված պարտականությունները կատարելու համար միակ դրդապատճառը հենց այդ պարտականությունների կատարումն է։ Եթե ընթացքում մարդը լավ է զգացել, վատ է զգացել, ուրախ է եղել, տխուր է եղել կամ մտահոգ է եղել, դա չի կարող ազդեցություն ունենալ այդ գործողության գնահատման վրա»,- ասել է Արամ Օրբելյանը։