Սա խնդրահարույց չէ, սա հանցագործություն է․ փաստաբանը՝ կապարակնքումների մասին

14 Հոկտեմբերի 2026, 12:38

Քաղաքականություն

արցը հետևյալն է՝ սա խնդրահարույց չէ, սա հանցագործություն է, որովհետև եթե լիազորություն չունես, բայց իրականացնում ես այդ լիազորությունը չունենալով, դա ուրիշ ոչ մի բան չէ։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով քննչական մարմինների կողմից բիզնես գործունեության սահմանափակմանը և տարածքների կապարակնքմանը։

Օրբելյանի խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը քննիչին ընդհանուր առմամբ բիզնես գործունեություն իրականացնող տարածքը կապարակնքելու լիազորություն չի տալիս։ Նրա պնդմամբ՝ քննիչը կարող է սահմանափակել մուտքն ու ելքը խուզարկության կամ այլ քննչական գործողության իրականացման ընթացքում, սակայն այդ սահմանափակումը չի կարող շարունակվել քննչական գործողության ավարտից հետո՝ առանց համապատասխան իրավական հիմքի։

«Քննիչը կարող է անել միայն այն, ինչ թույլատրված է։ Եթե նայենք Քրեական դատավարության օրենսգիրքը, փորձենք գտնել՝ արդյոք որևէ հոդված քննիչին իրավունք տալիս է կապարակնքել բիզնեսը, նման լիազորություն չենք գտնի։ Քննչական գործողության ընթացքում կարող են սահմանափակել մուտքն ու ելքը, բայց այդ գործողության ավարտից հետո նման սահմանափակում շարունակելու իրավունք չկա»,– նշել է փաստաբանը։