Բաքուն Անկարային կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին

14 Հոկտեմբերի 2026, 12:43

Միջազգային

Ադրբեջանի իշխող «Միասնական Ադրբեջան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին չմիջամտել երկրի ներքին գործերին։ Պատճառը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակումներն են, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների մեկնաբանությունները, որոնցում քննադատվում են ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները։

Հայտարարության մեջ նշվում է, որ նման զգայուն թեմաների օգտագործումը քաղաքական մանիպուլյացիաների և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով անթույլատրելի է։

Կուսակցությունն ընդգծել է, որ նման քայլերը չեն նպաստում ո՛չ թուրք ժողովրդի միասնությանը, ո՛չ էլ մահմեդական աշխարհի համերաշխությանը, և կոչ է արել «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությանը հրաժարվել նման քաղաքականությունից։

Բացի այդ, Բաքուն հիշեցրել է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն աշխարհիկ պետություններ են, և զգուշացրել է զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա։