Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը․ Լիանա Մանուկյան

14 Հոկտեմբերի 2026, 19:18

Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը մասնակցել է COP 17-ի շրջանակում անցկացվող «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների. խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» թեմայով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են խմբակցությունից։

Իր ելույթում պատգամավորն անդրադարձել է կոնֆլիկտների ընթացքում բնապահպանական համակարգերի թիրախավորմանն ու շահարկմանը՝ արձանագրելով, որ կենսաբազմազանության ռեսուրսները հաճախ դառնում են ռազմական ազդեցության լծակ կամ կոնֆլիկտի պատճառ։

«Ցավով պետք է արձանագրել, որ կենսաբազմազանության հարցերը հաճախ ստանում են բացասական համատեքստ։ Դրանք դառնում են կոնֆլիկտի թիրախ, ազդեցության լծակ կամ պատճառ։ Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ»,- նշել է Լիանա Մանուկյանը։

Պատգամավորն իր ելույթում առանձնացրել է հետևյալ հիմնական դրույթները․

  • Կենսաբազմազանությունը՝ որպես թիրախ․ ՀՀ պետական մարմինների և արբանյակային լուսանկարների միջոցով արձանագրվել են բազմաթիվ փաստեր, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով կորստյան ու դեգրադացիայի են ենթարկվել Հայաստանի անտառածածկույթն ու էկոհամակարգերը, մասնավորապես՝ Արծվաբերդի անտառտնտեսությունում, «Շիկահող» պետական արգելոցում և Ջերմուկի անտառներում։
  • Կենսաբազմազանությունը՝ որպես ազդեցության լծակ․ Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի և ջրային ավազանները սնուցող տարածքների նկատմամբ վերահսկողության հետևանքով ՀՀ-ն զրկվել է բնապահպանական միջոցառումներ իրականացնելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, սահմանամերձ բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից, ինչը միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքների ուղղակի խախտում է։
  • Կենսաբազմազանությունը՝ որպես պատճառ/նպատակ․ Ադրբեջանը, երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով, շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը (այդ թվում՝ Սևանա լիճը) և դրանց վերագրելով ադրբեջանական անվանումներ։

Ելույթի ավարտին Լիանա Մանուկյանն ընդգծել է, որ միջազգային համայնքը պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ կանխելու կենսաբազմազանության թիրախավորումը և բնական ռեսուրսները ռազմաքաղաքական ճնշման գործիք դարձնելու փորձերը։