Մոսկվային չեն հրավիրել մասնակցելու TRIPP նախագծին. Լավրով

15 Հոկտեմբերի 2026, 15:30

Քաղաքականություն

Մոսկվան Հարավային Կովկասում «Թրամփի ուղի» (TRIPP) տրանսպորտային նախագծին մասնակցելու առաջարկ չի ստացել, սակայն ռուսական կողմին ծանոթ է տարածաշրջանի ենթակառուցվածքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին։ Նախարարը նշել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն ունի կոնցեսիոն պայմանագիր և գործում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շրջանակում։

«Այս ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է, այն տեխնոլոգիական առումով սպասարկվում է մեր կողմից։ Սակայն մենք առայժմ ոչ մի դիմում չենք ստացել՝ Թրամփի անվան տրանսպորտային երթուղու նախագծին մասնակցելու վերաբերյալ, սակայն բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն մեր հնարավորությունների և պատրաստակամության մասին»,- Բաքվում կայացած գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լավրովը։

Այս համատեքստում նա անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափին։

«Դա ճիշտ կլիներ։ Բայց ինչո՞ւ եմ ես հիշատակում այս ձևաչափը։ Այն, ըստ էության, համապարփակ է և նվիրված չէ որևէ առանձին նախագծի, որը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանային ընդհանուր համատեքստից դուրս։

Մենք մի քանի անգամ հանդիպել ենք, իսկ այժմ սպասում ենք, թե երբ Հայաստանը և Ադրբեջանը կհամաձայնեցնեն, թե ով է հաջորդը հյուրընկալելու այս խմբի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Կարծում եմ՝ առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում։ Դա ճիշտ կլիներ»,- ասել է Լավրովը։