«Մեկքայլանի շախմատ». Բենիամին Մաթևոսյանը վերլուծել է իշխանության քաղաքական վարքագիծը
17 Հոկտեմբերի 2026, 00:00
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմության հասցեին հնչեցրեց մի գնահատական, ըստ որի՝ ընդդիմադիրների նպատակն է Հայաստանը ներքաշել պատերազմական գործողությունների մեջ, որպեսզի հետո դիմեն Ռուսաստանին՝ որպես «փրկչի»։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նա նշել է, որ Միրզոյանի տրամաբանությամբ՝ ընդդիմադիրների այդ քայլը կհանգեցնի Հայաստանում ռուսական զորքերի տեղակայմանն ու երկրի ինքնիշխանության սահմանափակմանը։Մինչդեռ, ըստ քաղաքագետի, այժմ հակառակ պատկերն է․ իշխանության ներկայացուցիչներն իրենք են խոսում Ռուսաստանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին։
«Գործող իշխանության որդեգրած քաղաքական վարքագիծը անհեռատեսական է և միտված է միայն ընթացիկ խնդիրների լուծմանը։ Նրանք, ոմանց նման, շախմատի սիրահար են, ուղղակի կա մի շատ կարևոր նրբերանգ․ իրենք մեկքայլանի շախմատային կոմբինացիաների վարպետներ են։ Իրենց թվում է, թե ժամանակավորապես մեղմելով Ռուսաստանի դեմ իրենց խոսույթը և ժամանակավոր հետքայլ կատարելով՝ ոչ թե կառուցելու են ռուսական ատոմակայան, այլ խոստանալու են, որ կկառուցեն, ոչ թե «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիային չեն կպչելու, այլ խոստանալու են, որ չեն կպչի»,- նշել է քաղաքագետը։
Ըստ Բենիամին Մաթևոսյանի՝ Ռուսաստանի հանդեպ հռետորաբանության փոփոխությունն ունի հստակ տնտեսական և քաղաքական դրդապատճառներ, որոնք կապված են առաջիկա ամիսների հետ։
«Նպատակը հետևյալն է՝ հասնել նրան, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ դեռ պարզ չլինի, որ մենք ԵԱՏՄ անդամ չենք, իսկ հունվարի 1-ից էլ գազը չթանկանա։ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գլոբալ խնդիր՝ դիմանալ այս ձմռանը։ Դրա համար էլ մնում է, որ այս մարդիկ միանան և Ռուսաստանի վերաբերյալ դրական գնահատականներ տան»,- հավելել է Բենիամին Մաթևոսյանը։