Ցանկացած ռազմավարական կամ մարտավարական քայլ հղի է հակաքայլերով․ Վիգեն Հակոբյան
16 Հոկտեմբերի 2026, 23:00
Նախընտրական քարոզարշավը սկսված է, ինչը տրամաբանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանը, որպես փորձառու քաղաքական գործիչ, ընտրությունների հաջորդ իսկ օրվանից սկսում է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով քաղաքական դաշտում տիրող ներկայիս զարգացումներին և իշխանությունների որդեգրած մարտավարությանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Փաշինյանը դիտարկում է ինչպես հերթական, այնպես էլ հնարավոր արտահերթ ընտրությունների սցենարը։ Ընդ որում, առաջնային կարող է լինել հենց արտահերթ ընտրությունների տարբերակը, քանի որ գործող իշխանությունը հասկանում է իրավիճակի ամբողջ բարդությունը։
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այն աշխարհաքաղաքական «շպագատը», որում գտնվում է, հղի է ճեղքվածքով։ Հիմա հինգ տարվա հեռանկարով որևէ հաշվարկ անելն առհասարակ շատ դժվար է, որովհետև ցանկացած ռազմավարական կամ մարտավարական քայլ հղի է հակաքայլերով՝ ընդ որում, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գրեթե բոլոր կենտրոններից»,- ընդգծել է Վիգեն Հակոբյանը։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու առաջ մղվող ծրագրերին՝ քաղաքագետը ստեղծված իրավիճակը բավականին տարօրինակ է համարել։
«Եթե «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրվի միայն տարիներ անց, օրինակ՝ 2028-2029 թվականներին, ապա անհասկանալի է դառնում, թե ինչ իմաստ է ունենալու TRIPP նախագիծն ընդհանրապես։ Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չկա, պարզ չէ, թե ովքեր են օգտվելու այդ ճանապարհից, ինչ կանոններով և ինչ կարգավիճակով»,- նշել է Հակոբյանը։