Արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով նամակներ են փոխանցվել մի շարք դեսպանատների
20 Հոկտեմբերի 2026, 13:31
«Չկա կենսաբազմազանության պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների» նախաձեռնության անդամները Հայաստանում գործող մի շարք դեսպանատների մոտ ակցիաներ են անցկացրել՝ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու նպատակով։
Նախաձեռնության անդամները նամակներ են փոխանցել եվրոպական երկրների դեսպաններին՝ բարձրաձայնելով բնիկ ժողովրդի՝ իր կենսամիջավայրում ապրելու իրավունքի հարցը։
«Մենք նամակներ ենք հղում եվրոպական դեսպաններին։ Բոլոր նամակները նույնաբովանդակ են, քանի որ մեր խնդիրն է միջազգային հանրության առջև ներկայացնել իր կենսամիջավայրում ապրելու բնիկ ժողովրդի իրավունքը»,- նշել է իրավապաշտպան, ակտիվիստ Նարե Արամյանը։
Նրա խոսքով՝ նամակներն ավելի վաղ ուղարկվել էին նաև էլեկտրոնային եղանակով։ Դեսպանատներից հաստատել էին նամակների ստացումը և շնորհակալություն հայտնել նախաձեռնության անդամներին։
Ակցիայի ընթացքում նամակների տպագիր տարբերակները փոխանցվել են Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատներին։ Մասնակիցներն այցելել են նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, սակայն այնտեղ նրանց ոչ ոք չի դիմավորել։