Հայաստանը պետք է բարձրացնի վստահության մակարդակը տեխնոլոգիական ոլորտում․ Կարեն Տոնոյան
23 Հոկտեմբերի 2026, 22:31
Դեռևս 2020 թվականին Հայաստանի և Ամերիկայի միջև ստորագրված որոշ հուշագրեր, այդ թվում՝ միկրոչիպերի, կիսահաղորդիչների, մտավոր սեփականության և արհեստական բանականության վերաբերող դրույթները, հիմք են ստեղծել երկու երկրների միջև գործարքների ծավալն ու տեմպերն ավելացնելու համար։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «TONO LAW GROUP» ընկերության ղեկավար, Հայ իրավաբանների միության անդամ Կարեն Տոնոյանը։
Նրա խոսքով՝ իրենց ուսումնասիրությունները վերաբերում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներին և արտահանմանը, սակայն իրավական դաշտն ու միջազգային կարգավորումները բոլորի համար չէ, որ պարզ ու մատչելի են։
Կարեն Տոնոյանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի արտահանման վերահսկողության համակարգում Հայաստանի զբաղեցրած դիրքին և առկա խնդիրներին։
«Ներկա կարգավիճակը առաջատար տեխնոլոգիաների փոխանցումը դարձնում է ավելի բարդ, թանկ և անկանխատեսելի, ինչի հետևանքով հայկական ընկերություններն, այդ թվում՝ ստարտափները, ստիպված են լինում լրացուցիչ թույլտվություններ և լիցենզիաներ ստանալ ԱՄՆ կառավարությունից»,- ընդգծել է նա։
Կարեն Տոնոյանը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է և՛ տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնում, և՛ վստահության ամրապնդում։
Ըստ նրա՝ իշխանությունները և մասնավոր հատվածը պետք է համահունչ քայլեր ձեռնարկեն՝ ներքին ընթացակարգերը միջազգային ռեժիմներին համապատասխանեցնելու համար։
Որպես դրական օրինակ՝ իրավաբանը մատնանշել է Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը, որը համապատասխան կարգավորումների փոփոխության միջոցով հաջողությամբ լուծել է նմանատիպ խնդիրները։