«ՖՈՆՏԱՆԻԱ». ջրի, լույսի և կրկեսային արվեստի համադրությամբ նոր շոուի պրեմիերան
26 Հոկտեմբերի 2026, 14:30
Ջրի կախարդական խաղը, լուսային էֆեկտներն ու կրկեսային արվեստը միավորվել են մեկ բեմում։ «Tashir Arena»-ում տեղի է ունեցել «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային կրկեսային շոուի պրեմիերան, որը հանդիսատեսին հրավիրում է բացահայտելու հիշողություններով ու գաղտնիքներով լի մի աշխարհ։
Ներկայացման հիմքում ընտանիքի, հիշողությունների և սերունդներին միավորող արժեքների մասին պատմությունն է։ Այն փոքրիկներին խոստանում է վառ տպավորություններ, իսկ մեծահասակներին` հնարավորություն վերադառնալու մանկության հիշողություններին և վերապրելու անկեղծ հույզերը։
Շոուի մասշտաբն ընդգծում են նաև տեխնիկական լուծումները։ Ներկայացման համար օգտագործվել է շուրջ 45 տոննա լրացուցիչ սարքավորում, իսկ բեմական տարածքում տեղադրվել է 85 հազար լիտր տարողությամբ լողավազան։ Լազերային ու լուսային շոուն և հատուկ էֆեկտները ջրային տեսարաններին հաղորդում են առանձնահատուկ տեսք։
Հին ճամպրուկը՝ լի գաղտնիքներով ու հիշողություններով, դառնում է պատմության մեկնարկային կետը։ Հսկայական շատրվանների աշխարհում հանդիսատեսին սպասում են ծաղրածուի ու փահլևանի ելույթներ, օդային մարմնամարզիկների և ակրոբատների համարներ, ձեռնածություններ, վարժեցված շների մասնակցությամբ տեսարաններ և բազմաթիվ այլ անակնկալներ։