Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին՝ անհետ կորածների որոնման համար
27 Հոկտեմբերի 2026, 12:37
«Ողջունում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի քայլերը։ Շատ կարևոր է, որ այս գործընթացն ավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»։
Այս մասին հոկտեմբերի 27-ին Երևանում հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
Բերենդսենի խոսքով՝ Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնման աշխատանքներին աջակցելու նպատակով։
Նիդերլանդների ԱԳ նախարարը ողջունել է նաև խաղաղության ճանապարհն ընտրելու հայ ժողովրդի որոշումը և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ համագործակցության ձգտումը։
Նրա խոսքով՝ խաղաղության հաստատման գործընթացում կարևոր նշանակություն ունի վստահության կամուրջների կառուցումը։
Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծել է անհետ կորածների հարցի զգայունությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար՝ կարևորելով միջազգային գործընկերների և երրորդ կողմերի ներգրավվածությունն այս գործընթացում։