Հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված հասցրեց Հայոց պետականությանը․ «Ուժեղ Հայաստան»
27 Հոկտեմբերի 2026, 11:08
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։
Ահաբեկչության հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և պետական ու քաղաքական այլ գործիչներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված հասցրեց Հայոց պետականությանը՝ խաթարելով երկրի բնականոն զարգացումն ու ներքաղաքական կայունությունը, կոտրելով ապագայի հանդեպ հավատը։
Այս ողբերգության հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան Հայաստանի՝ առանց ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների։
«Ուժեղ Հայաստանը» շարունակելու է հետևողական պայքարը հանուն կայուն խաղաղության։ Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել, միանալ մեզ և միասին կերտել ուժեղ Հայաստան։