Արդյո՞ք տրոպիլելապս մակաբույծը ներթափանցել է Հայաստան․ Հարություն Մնացականյանը դիմել է ՍԱՏՄ-ին

27 Հոկտեմբերի 2026, 17:30

Քաղաքականություն

ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվել է՝ արդյո՞ք տրոպիլելապս վտանգավոր մակաբույծ տիզը ներթափանցել է Հայաստան։

«Մինչ օրս որևէ քայլ չի կատարվել, և արդեն տարբեր տնտեսավարողներ արձագանքում են, որ այդ մակաբույծը հայտնվել է Հայաստանում։ Դրա տարածման դեպքում մեղվաբուծության ողջ ոլորտը կարող է կաթվածահար լինել, ինչն էլ շղթայական ազդեցություն կունենա գյուղատնտեսության ամբողջ համակարգի վրա»,- նշել է պատգամավորը։

Հարություն Մնացականյանը հիշեցրել է, որ դեռևս 2025 թվականի ապրիլի 26-ին հանրային գրառմամբ ահազանգել էր տարածաշրջանում այս մակաբույծի տարածվածության մասին՝ ընդգծելով, որ պատկան կառույցների անգործության դեպքում մեղվաբուծության ոլորտը կարող է հայտնվել ճգնաժամի առաջ։

«Առաջարկում եմ ՍԱՏՄ-ին հստակ պարզաբանել՝ Հայաստանում տրոպիլելապս մակաբույծը ներխուժե՞լ է, թե՞ոչ։ Եթե այն արդեն ներթափանցել է, ապա ի՞նչ գործուն քայլեր են նախատեսվում ձեռնարկել՝ մեղվաբուծության ոլորտը կազմալուծումից փրկելու համար»,- նշել է պատգամավորը։