Ֆրանսիայի իշխանությունը ինչի՞ է սպասում, որ մի քանի շաբաթ հետո հարյուրավոր մարդիկ սովամա՞հ լինեն. Քսավիե Բերտրան

31 Օգոստոսի 2023, 15:25

Քաղաքականություն

Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի ամենահայտնի Հանրապետական, Սոցիալիստական, «Կանաչներ» բնապահպանական, «Մենք Ֆրանսիան ենք» կուսակցությունների ներկայացուցիչներ՝ սենատորներ, պատգամավորներ, քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, որոնք ավելի վաղ արձագանքել էին Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդի խնդրանքին և միավորել ուժերը՝ Արցախի ժողովրդին օգնություն հասցնելու նպատակով:

Մարդասիրական օգնությունը կազմակերպված էր ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով և չէր ներկայացնում պաշտոնական Փարիզի դիրքորոշումը: Ինչպես և կանխատեսվում էր ադրբեջանական կողմը թույլ չտվեց, որ 10 բեռնատարները մուտք գործեն Արցախ:

Ֆրանսիացի քաղաքական գործիչները բոլորն իրենց սոցիալական ցանցերի էջերում ահազանգել են Արցախի ճնգաժամի հարցի մասին: Այդպես նրանք իրենց հետևող հարյուր հազարավոր օգտատերերին իրազեկել են, թե Ադրբեջանն ինչ անմարդկային պայմաններում է պահում Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայ ժողովրդին:

Ստրասբուգի հայազգի քաղաքապետն իր սոցիալական ցանցերի էջերում հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, և առա՛նց նախապայմանի:

«Ես եկել եմ այստեղ բարձրացնելու Եվրոպայի՝ մարդու իրավունքների մայրաքաղաք Ստրասբուրգի ձայնը: Մենք կոչ ենք անում Ֆրանսիային, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ մյուս պետություններին՝ Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ գործուն քայլերի դիմել»,- ընդգծել է Ժաննա Բարսեղյանը, որը Ֆրանսիայի «Կանաչներ« կուսակցության անդամ է:»

Պատվիրակության այցը Հայաստանում լուսաբանել են «Ֆիգարո» օրաթերթի, «Ֆրանս 24»-ի և ֆրանսիական ՏԻՄ-երի տեղական լրատվամիջոցները, որոնց տեսախցիկները Սյունիքի սարերի բարձունքից ֆիքսել են Հակարիի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետը:

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս երկրամասի նախագահ Քսավիեն Բերտրանը «Ֆրանս 24»-ին հարցադրում է անում, թե Ֆրանսիայի իշխանությունը ինչի՞ է սպասում, որ մի քանի շաբաթ հետո հարյուրավոր մարդիկ սովամա՞հ լինեն: Հարկավոր է՝ բոլորը ոտքի կագնեն:

Ավելի քան 100 մլն լսարան ունեցող «Ֆրանս 24»-ի լրագրողը ռեպորտաժում պատմել է. «Իրավիճակն Արցախում անմխիթար է. առանց բենզինի գյուղատնտեսությունը կանգ է առել, իսկ հաց գնելու հերթերում մարդիկ ժամեր են անցկացնում, թերսնման հետևանքով հղիության վիժեցման ցուցանիշը եռապատկվել է: Այնդուհանդերձ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հրաժարվում է այլընտրանքային ճանապարհով Բաքվից օգնություն ընդունել՝ մտավախությամբ, որ այդկերպ Ադրբեջանը կտիրանա ամբողջ Արցախին»:

Հիմա եթերում