Արցախի ժողովուրդը վաստակել է իր անկախությունը. Միխայիլ Ակսել

31 Օգոստոսի 2023, 17:00

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս ռազմական լրագրող Միխայիլ Ակսելը Alpha News-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունների, ինչպես նաև Արցախի ժողովրդի վաստակած անկախության իրավունքի մասին:

«Սա իսկական ահաբեկչություն ՝ պատանդառությամբ։ Դա այլ կերպ չի կարելի անվանել։ Այս ամենը տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ տեսնում են անպատժելիությունը, և քանի դեռ մյուս կողմը տեսնում է, որ այդպես կարելի է անել։

Ադրբեջանաթուրքական միությունը և հայ բնակչությանը դուրս մղելու նրանց փորձը շարունակվելու է ճիշտ այնքան ժամանակ, մինչև վերջակետ չդրվի, որ այնտեղ բնակվում է հայ բնակչություն, որ դա հայկական տարածք է, և որ իրականում համաշխարհային հանրությունը պետք է ուշադրություն հրավիրի ցեղասպանության վրա, որը տեղի է ունենում։ Այլ կերպ ես դա չեմ կարող անվանել», — հայտարարել է Ակսելը։

Մեկնաբանելով Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների առկայությունը հարգելու ադրբեջանական կողմի դժկամությունը՝ լրագրողն ընդգծել է. «Ալիևի վարչակարգը երբեք չի թաքցրել իր համակրանքը (Ուկրաինայի հանդեպ), բայց մեզ մոտ սխալ նոտաներ են տեսնում ՝ մտածելով, որ դա ինչ-որ դեպք է, որը համակարգված խնդիր չի հանդիսանում։ Դա ճիշտ չէ: Դա սադրանք է։

Ավելին, Ադրբեջանը դաշնակցում է Թուրքիայի հետ, իսկ թուրքերն այստեղ գլխավոր աշխարհաքաղաքական շահակիցներն են, ցանկանում են վերջնականապես դուրս մղել(Ռուսաստանին) և անհնար դարձնել նույնիսկ ռուսական բանակի ներկայությունն այդ տարածքում։ Մեսիջն այսպիսին է. «Մենք կանենք այն, ինչ ուզում ենք, և կարևոր չէ՝ խաղաղապահներն այնտեղ են, թե՞՝ ոչ, դուք արդեն ուժեղ չեք»:

Դրան պետք է համապատասխան արձագանքել։ Ես, անկեղծորեն, հույս ունեմ, որ միջազգային հանրությունը և Ռուսաստանը կլուծեն այս հարցը՝ հօգուտ հայ բնակչության։ Դա վախի մթնոլորտ ստեղծելու յուրատեսակ քաղաքականություն է.«Մենք շարունակելու ենք առևանգել, դուք պետք է հեռանաք այստեղից, մենք շարունակելու ենք սադրանքները, գնդակոծությունները, ձեզ համար անտանելի պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի բնակչությունը հեռանա, և հետո ասենք՝ դե, այնտեղ բնակչություն չկա, հիմա այդ տարածքը մերն է»:

Ադրբեջանը կցանկանար, որ խաղաղապահները հեռանային և ֆիզիկապես ոչնչացներ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը, բայց չի ստացվի։ Յուրաքանչյուր ընտանիք դիմադրելու և պաշտպանելու է իր հայրենիքը»: Ականատես լինելով 44-օրյա պատերազմին՝ լրագրողը եկել է այն եզրակացության, որ արցախցիներն անկախության իրենց իրավունքը վաստակել են՝ անկախության համար արյուն թափելով։

«Ես թերահավատորեն եմ վերաբերվում միջազգային հանրության որոշումներին։ ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ, այլևս չի գործում։ Կարելի է այնքան հայտարարություններ անել, որքան ցանկանում եք, բայց եթե դրանց հետևում գործողություններ չեն լինում, ինչի՞ է դա հանգեցնում։

Արցախի ժողովուրդը վաստակել է իր անկախությունը։ Այնտեղ բնակվում է հայ բնակչություն։ Արցախի ժողովուրդն իր անկախությունը վաստակել է մարտում», — ընդգծել է Ակսելը։