Հայկական հետքը իրանական արվեստում․ հազվագյուտ պատկերագիրքը մեծ արձագանք է գտել Իրանում
01 Նոյեմբերի 2026, 12:31
Իրանական Ablah Book գրքային բլոգն ու հազվագյուտ հրատարակությունների առցանց խանութը տեսանյութով ներկայացրել են «Իրան–Հայաստան․ ոսկե կամուրջներ․ 20-րդ դարի իրանահայ նկարիչները» (Iran-Armenia Golden Bridges: Twentieth Century Iranian-Armenian Painters) խորագրով բացառիկ պատկերագիրքը։ Հրապարակումը մեծ հետաքրքրություն է առաջացրել իրանցի օգտատերերի շրջանում՝ արժանանալով բազմաթիվ դրական արձագանքների։
Անգլերեն լեզվով հրատարակված այս հիմնարար ուսումնասիրության հեղինակը ամերիկահայ արվեստաբան և բարերար Ալիս Նավասարգյանն է։ Գիրքը լույս է տեսել 1997 թվականին՝ Գլենդելում, իսկ տպագրվել՝ Կանադայում։
Հրատարակությունը հանգամանորեն ներկայացնում է հայ արվեստագետների նշանակալի ավանդը Իրանի կերպարվեստի զարգացման գործում։ Այն ներառում է անցյալ դարի 50 նշանավոր իրանահայ գեղանկարիչների ստեղծագործությունների ավելի քան 220 գունավոր վերատպություն։
Այսօր պատկերագիրքը համարվում է մատենագիտական հազվագյուտ արժեք։