Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ
01 Նոյեմբերի 2026, 14:10
«Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության ակտիվացման հարցերին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման գործում միջազգային գործընկերների կառուցողական դերակատարության կարևորությունը:
Կողմերն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։