Բոլորը գալիս են, միայն տիկինն է զբաղված. Խամոյանը՝ գլխավոր դատախազի մասին

03 Նոյեմբերի 2026, 15:25

Քաղաքականություն

Քրեական գործով իրեղեն ապացույցները ՀՀ գլխավոր դատախազը Քննչական կոմիտեի նախագահի հետ միասին գրկած տարել են պատկերասրահ ու սկսել հիանալ այդ իրեղեն ապացույցներով, բայց գլխավոր դատախազն Ազգային ժողով չի գալիս և զեկույցով հանդես չի գալիս։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Պատգամավորը նշել է, որ բյուջետային քննարկումներին մասնակցում են տարբեր պետական կառույցների ղեկավարները, իսկ գլխավոր դատախազը՝ ոչ։

«Դուք կասեք՝ օրենքն է այդպիսին, բայց դա նաև իր ցանկության հարցն է։ Օրինակ՝ պարոն Պողոսյան, դուք ինչո՞ւ եք եկել. մի օրենք էլ ձեզ համար հանեք, դուք էլ մի՛ եկեք։ Ասենք՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ինչո՞ւ է գալիս։

Չէ՛, ես անկեղծ հարց եմ ուզում տալ և ուզում եմ, որ իշխանական պատգամավորներն էլ այս հարցին պատասխանեն։ Պաշտպանության նախարարը պարապ է, ժողովուրդ, ինչո՞ւ է գալիս, վաղն ինչո՞ւ է գալու Արտաքին հետախուզական ծառայության պետը։ Բոլորը գալիս են կառույցի ղեկավարի մակարդակով, և միայն տիկինն է, որ զբաղված է»,- նշել է պատգամավորը։