Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում․ Լավրով

03 Նոյեմբերի 2026, 15:00

Միջազգային

Մոսկվան հույս ունի, որ տարածաշրջանային խորհրդակցական «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային չորրորդ համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։

«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում տեղի կունենա հերթական հանդիպումն այս ձևաչափով»,- ասել է նախարարը։

Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ստեղծելու առաջարկով 2020 թվականի վերջին հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Վրաստանը բազմիցս հրավիրվել է մասնակցելու այս ձևաչափին, սակայն մինչ օրս չի միացել դրա աշխատանքներին։

2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել հարթակի առաջին նիստը՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Ձևաչափի երկրորդ հանդիպումը, որը նաև արտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումն էր, կայացել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Թեհրանում։

Ձևաչափի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։