Քննչական կոմիտեն դարձել է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ «մահակ». Աննա Գրիգորյան

03 Նոյեմբերի 2026, 16:20

Քաղաքականություն

Պարո՛ն Պողոսյան, Ձեր գլխավորությամբ Քննչական կոմիտեն դարձել է «մահակ» քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ. սա ուղղակի փաստ է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։

Պատգամավորն իր ելույթում բարձրացրել է մի շարք մտահոգություններ ու հարցադրումներ՝ կապված իրավապահ համակարգի գործունեության և երկակի ստանդարտների կիրառման հետ։

Անդրադառնալով քաղաքական գործիչների ընտանիքի անդամների վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրություններին՝ ընդդիմադիր պատգամավորը քննադատել է կառույցի որդեգրած գործելաոճը։

«Դուք պետք է հանրության առաջ պատասխան տաք մարդու անձնական կյանքի մեջ մտնելու և նման տեղեկություններ տարածելու համար, հատկապես որ տվյալ դրվագը նույնիսկ ապացուցված հանգամանք չէ։ Երբ ձեզ պետք է լինում, ասում եք՝ նախաքննական գաղտնիք է, երբ պետք է՝ նման ձևակերպումներ եք տարածում։ Սա արվել է մի նպատակով՝ ավելի ցավացնելու կոնկրետ քաղաքական դերակատարին, և ակնհայտ է քաղաքական մոտիվացիան»,- ասել է պատգամավորը։

Բարձրացնելով քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում առկա տարբերակված մոտեցումների խնդիրը՝ Աննա Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել նմանատիպ արտահայտությունների նկատմամբ իրավապահների ցուցաբերած տարբեր արձագանքներին։

«Եթե Հայաստանի մի քաղաքացին մյուսին ասում է՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ», դա իր մեջ հանցակազմ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ»,- հարցրել է պատգամավորը։