Գլխավոր դատախազի բացակայությունը հարցեր է առաջացնում․ Ղազինյան
03 Նոյեմբերի 2026, 15:52
Ես ակնկալում էի այստեղ տեսնել տիկին դատախազին։ Վերջին հաշվով, դատախազին ընտրել է Ազգային ժողովը։ Այս մասին ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բացակայությանը։
Նա նշել է, որ գլխավոր դատախազի բացակայությունը կարող է երկու պատճառ ունենալ․ կա՛մ իշխանությունը չի պատրաստվում նրան կրկին առաջադրել, կա՛մ վստահ է, որ հաջորդ ընտրության ժամանակ խնդիրներ չի ունենա։
«Կամ իրեն ասել են, որ դու էլ չես լինելու գլխավոր դատախազ, այսինքն՝ մյուս անգամ ընտրվելու խնդիր չունես, կամ ՔՊ-ականները վստահ են, որ էլի խնդիր չեն ունենալու»,- ասել է պատգամավորը։
Ղազինյանի խոսքով՝ տարօրինակ է, երբ պետական մարմնի ղեկավարը չի մասնակցում բյուջետային քննարկումներին և չի ներկայացնում իր կառույցի ծախսերը։