Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը․ գլխավոր քարտուղար

04 Նոյեմբերի 2026, 14:07

Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը։

«Դա վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասած, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ներկայությանը, բայց դրա աշխատանքներին [արդեն երրորդ տարին] չմասնակցելուն»,- ասել է նա։

Նշենք, որ 25-րդ հոդվածը կարգավորում է այն անդամ պետությունների նկատմամբ կիրառվող միջոցները, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ երկու տարի շարունակ չեն վճարում կազմակերպության բյուջե կատարվող անդամավճարները։

Նման դեպքում երկիրը կարող է զրկվել ՀԱՊԿ քվոտային պաշտոններում իր քաղաքացիների թեկնածություններն առաջադրելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից՝ մինչև պարտքի մարումը։