Իշխանությունները փորձում են համոզել, բայց այդ մեթոդները չեն աշխատելու․ Դավիթ Ղազինյան
04 Նոյեմբերի 2026, 14:20
«Ալիևյան Սահմանադրության» ընդունման հարցը իշխանության համար ճնշման հիմնական պատճառն է, իսկ Ադրբեջանը, իմ կարծիքով, ունի իշխանությանը ստիպելու լծակներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տներում իրականացվող խուզարկություններին։
«Շատ վատ է, որ օտարերկրյա թշնամական պետությունն ունի նման ստիպելու լծակներ։ Իմ կարծիքով՝ դա շտապեցնում է իշխանությանը՝ ընդունելու այսպես կոչված «Ալիևյան Սահմանադրությունը»։
Որպեսզի ժողովրդի համար պարզ լինի, թե ինչու ենք այն անվանում «Ալիևյան», նշեմ, որ խոսքը տվյալ պետության ղեկավարի պարտադրանքով իրականացվող գործընթացի մասին է։ Սահմանադրությունից դուրս են գալու կետեր, Անկախության հռչակագիրը, որն, իմ կարծիքով, պետության վախճանի մասին է գուժում։ Ուղիղ իրենց երեսին ասում եմ՝ այս մեթոդները չեն ազդելու»,- ասել է Դավիթ Ղազինյանը։