Բորելը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով

31 Օգոստոսի 2023, 23:17

Քաղաքականություն

Իսպանիայում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։

Արտգործնախարարների նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով։

«Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով»,- արտգործնախարարների նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Բորելը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:

Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: