Իրավական աբսուրդ է․ Դավիթ Ղազինյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին
04 Նոյեմբերի 2026, 16:50
Այն, ինչ հրապարակվել է, որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ՝ կարող եմ ասել, որ իրավական աբսուրդ է։ Այս մասին Տնտեսական գործերով քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությանը։
«Մի կողմից ասում են, թե շահույթն ավելացրել են հարկերից խուսափելու հաշվին, մյուս կողմից ասում են՝ վնաս է տվել։ Այսինքն՝ իր սեփական ընկերությանն ինչո՞ւ պետք է վնաս տար։ Հաշվի առնելով, որ գործն ամբողջությամբ չենք տեսել, չեմ կարող ասել, բայց այս հակասությունները գալիս են գործի կարված լինելուց։ Երբ գործ են կարում, պետք է ինչ-որ բան ստեղծեն, ինչի հետևանքով էլ հակասություններ են առաջանում։ Այստեղ ճշմարտություն չկա»,- նշել է պատգամավորը։
Դավիթ Ղազինյանի խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո իրենց կողմից եղել է հստակ առաջարկ՝ իրականացնել պաշտոնական հանձնում-ընդունում, ճշտել էլեկտրաէներգիայի ծախսերը, ինչպես նաև ներգրավել ՊԵԿ-ին՝ համատեղ ստուգումներ անցկացնելու համար, սակայն իշխանությունները մերժել են այդ առաջարկները։
«Դա մեկ բանի մասին է հուշում․ պետք է մի բան «սարքեին»։ Եթե ազնիվ լինեին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հակառակը, իրենց իսկ շահերից էր բխելու մեզ ներգրավել այս գործընթացում, որպեսզի եղածը ֆիքսվեր, բայց որևէ ձևով չարձագանքեցին»,- ընդգծել է Ղազինյանը։
Անդրադառնալով գործընթացի քաղաքական ենթատեքստին՝ պատգամավորը նշել է, որ քրեական հետապնդումներով իշխանությունները փորձում են ճնշել պայքարող տեսակին։
«Ո՞նց եք պատկերացնում՝ գային, Սամվել Կարապետյանին ձերբակալեին ու ասեին՝ «Գիտես ինչ, դու չես ուզում Ալիևի պարտադրած Սահմանադրությունն անցնի, դրա համար քեզ կալանավորո՞ւմ ենք»։ Այս իշխանություններին հանգիստ չի տալիս, որ հայ ազգի մեջ կա պայքարող տեսակ։
Իրականում 340,000 քաղաքացի քվե է տվել Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան»-ին, որպեսզի այս իշխանությունները չկարողանան երկիրը տանել կործանման, որի դե յուրե ձևակերպումը Սահմանադրության փոփոխությունն է։ Իրենց կարծիքով՝ մեր առաջնորդին կամ մեզ կալանավորելով կարող են հասնել իրենց նպատակին»,- եզրափակել է Դավիթ Ղազինյանը։