Ինձ ուժ է տվել վստահությունը, որ արդար եմ. Գագիկ Ծառուկյան

04 Նոյեմբերի 2026, 17:50

Քաղաքականություն

Ես այսօր խոսելու եմ բացառապես ճշմարտությունից։ Ամբողջ ազգն ու հանրությունը գիտեն՝ Ծառուկյանն ինչ ասում է, իրականությունն է։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ես աշխարհով մեկ ունեմ երկար տարիների ընթացքում վաստակած բարի համբավ և թույլ չեմ տա ինձ ճշմարտության դեմ որևէ ստորակետ ասել։ Ուզում եմ, որ սա իմանան բոլորը՝ հանրությունը, ինձ պաշտպանողներն ու աջակցություն հայտնած անձինք։

Իհարկե, այսօր որոշում կայացնողը Դուք եք՝ հարգարժա՛ն արդարադատություն իրականացնող մարմին։ Եթե կա որոշում, միևնույն է, ես պատրաստ եմ ամեն ինչի։ Սակայն անազատության մեջ անցկացրած այս 4 ամիսների ընթացքում ինձ ուժ է տվել այն գաղափարն ու վստահությունը, որ ես արդար եմ։ Արդար եմ ոչ թե պարզապես ասելու համար, այլ որովհետև հանցակազմի որևէ նշույլ չկա։ Եթե կա, Դուք եք դատավարությունը վարում, սահմանե՛ք ամենաբարձր պատիժը»,- նշել է նա։

Դատարանում ունեցած ելույթի ընթացքում ԲՀԿ առաջնորդն ընդգծել է, որ նույնիսկ անազատության մեջ գտնվելու պայմաններում շարունակում է վստահ լինել իր անմեղության հարցում։ Նրա պնդմամբ՝ առաջադրված մեղադրանքում բացակայում է հանցակազմը։

Գագիկ Ծառուկյանը նաև նշել է, որ պատրաստ է ընդունել դատարանի ցանկացած որոշում։

Հիմա եթերում