Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով գործընթացն ի սկզբանե ապօրինի է եղել․ Արա Զոհրաբյան
06 Նոյեմբերի 2026, 11:41
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան վեց հոգևորականների գործով դատական քննության ձգձգումը միտումնավոր է, և դրա նպատակն է ավելի երկար պահել նրանց սահմանափակումների ու ճնշման ներքո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վեհափառ Հայրապետի փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք կարծում ենք, որ այստեղ իրենք միտում ունեն ձգձգելու այս գործի քննությունը։ Այսինքն՝ ի սկզբանե գործընթացն ապօրինի և անհիմն է եղել:
Ակնհայտ է, որ Վեհափառ Հայրապետը և մյուս եպիսկոպոսները մեղադրվում են իրենց կանոնական լիազորությունների մեջ մտնող գործողություն կատարելու համար, և դա դատական ակտի խոչընդոտման հետ որևէ կապ չունի»,- ասել է նա։
Արա Զոհրաբյանի խոսքով՝ այն քաղաքացիական գործի վարույթը, որի շրջանակում կիրառվել էր հայցի ապահովման միջոցը, արդեն կարճվել է, իսկ դատարանն արձանագրել է, որ չի կարող ստուգման ենթարկել ներեկեղեցական հարցերը։