Գազը թանկանա՝ տերը դուք եք, ու՞մ վրա եք մեղքը բարդում․ Մեսրոպ Մանուկյանը՝ Պապոյանին

06 Նոյեմբերի 2026, 13:00

Տնտեսություն և Բիզնես

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը այսօր Ազգային ժողովում քննադատել է կառավարության տնտեսական քաղաքականությունն՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը, գյուղացիների խնդիրներին և գազի գնին։

Դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ պատգամավորը նշել է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն իշխանություններն են։

«Ամենաշատը դուք և ձեր կառավարությունն եք հայտարարել, որ Ռուսաստանի հետ մոտ եք, Պուտինի հետ ամենաշատը դուք եք զանգում։ Եթե այդ հարաբերությունները լավ են, եթե գազը չթանկանա՝ դրա տերը դուք եք, թանկացավ, դրա տերն էլ եք դուք։ Ու՞մ վրա եք մեղքը բարդում, դա չեմ կարողանում հասկանալ»,- նշել է Մանուկյանը։

Ի պատասխան նախարարը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելիս մի շարք երկրներ ավելի մեծ աջակցություն են ստացել, քան իրենք են ներդրել միության մեջ՝ ընդգծելով, որ նույն սկզբունքով Հայաստանը ևս պետք է ավելի մեծ տնտեսական օգուտ ստանար ԵԱՏՄ-ից։

«Եթե գազի գինն այն է եղել, որ պետք է դրա փոխարեն էժան գազ ստանանք, ապա եկեք չասենք՝ էժան գազ։ Մենք փողի փոխարեն ստացել ենք բնամթերք։ Ինձ համար պետք է ընդունելի լինի ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ։ Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ՝ գումարած 20 դրամի ինքնիշխանություն»,- նշել է Պապոյանը։

Հիմա եթերում