Ֆրանսիայում սոցիալական լարվածությունը վերածվել է զանգվածային անկարգությունների․ Փարիզում և խոշոր քաղաքներում բախումներ են տեղի ունեցել
08 Նոյեմբերի 2026, 16:20
Ֆրանսիայում կյանքի թանկացման և սոցիալական ծառայությունների որակի անկման դեմ բողոքի զանգվածային ցույցերի նոր ալիք է բարձրացել։ Երկրի ՆԳՆ տվյալներով՝ համազգային ցույցերին մասնակցել է շուրջ 146 հազար մարդ, որից 46 հազարը՝ Փարիզում։ Միևնույն ժամանակ, արհմիությունների ներկայացուցիչները մասնակիցների թիվը զգալիորեն ավելի բարձր են գնահատում՝ նշելով, որ ամբողջ երկրում փողոց է դուրս եկել շուրջ 250 հազար ցուցարար։
Մայրաքաղաքում բողոքի ակցիաներն արագ վերածվել են իրավապահների հետ բախումների։ Ցուցարարները պիրոտեխնիկ միջոցներ և տարբեր առարկաներ են նետել ոստիկանության շղթաների ուղղությամբ, ինչին ուժայինները պատասխանել են մահակների և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Անկարգություններ և ոստիկանության հետ բախումներ են արձանագրվել նաև Լիոնում, Մարսելում, Նանտում և Թուլուզում։ Օրվա ընթացքում ամբողջ երկրում ձերբակալվել է 232 մարդ։
Ցուցարարների հիմնական պահանջներն են աշխատավարձերի ինդեքսավորումը, գների աճի զսպումը և պետական կառույցների աշխատանքի որակի բարելավումը։
Երկրում սոցիալական լարվածությունն աճում է սեպտեմբերի կեսերից։ Սկզբում բողոքի շարժումը սկսվել էր մայրաքաղաքի արվարձաններում ավագ դպրոցի աշակերտների գործադուլներով, որոնք պահանջում էին վերանորոգել և արդիականացնել դպրոցները։ Սակայն կարճ ժամանակ անց նրանց միացել էին նաև տնտեսական ճգնաժամից դժգոհ բնակչության լայն շրջանակներ։