Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ին․ 5 վիրավոր կա

09 Նոյեմբերի 2026, 10:40

Հասարակություն

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկ՝  ժամը 18։15-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Քոբեր — Թումանյան հատվածում, բախվել են «Ford Transit» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։ Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։