Արցախի հայաթափման նպատակը ռուսական զորքերը տարածաշրջանից հեռացնելն էր․ Տիգրան Քոչարյան
09 Նոյեմբերի 2026, 12:54
Ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահություն ձևավորելու և նրանց գործունեության շուրջ լարվածություն ստեղծելու գործընթացը նպատակ ուներ վերացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և տարածաշրջանում։ Այս մասին »Alpha Media Centre»-ում «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է մեդիափորձագետ, Alphanews-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում որոշակիորեն փոխել են նախապես ձևավորված աշխարհաքաղաքական ծրագրերը, ինչից հետո սկսվել է նրանց նկատմամբ անվստահություն ձևավորելու գործընթացը։
«Երբ Ռուսաստանը նոյեմբերի 9-ից հետո հայտնվեց Արցախում, դա մի փոքր խարխլեց նրանց քարտեզը, և սկսեցին աշխատել այլ ուղղությամբ։ Արհեստականորեն ներշնչում էին անվստահություն ռուս խաղաղապահների նկատմամբ։ Խաղաղապահների յուրաքանչյուր սխալ ու թերացում ուռճացվում էր, ամեն ինչ բարձրաձայնվում էր՝ լարվածություն ստեղծելու նպատակով»,- նշել է Տիգրան Քոչարյանը։
Ըստ նրա՝ երբ այդ ճանապարհով ցանկալի արդյունքի հասնել չի հաջողվել, անցել են առավել ծայրահեղ ծրագրի՝ Արցախի հայաթափմանը։
«Նպատակը մեկն էր՝ ռուսական ռազմական զորքերը Հայաստանի տարածքից հանել։ Եվ, ցավոք սրտի, դա հաջողվեց»,- ասել է մեդիափորձագետը։