Ալիևը չպետք է խուսափի հանցագործությունների համար պատժից. Փոլ Քրեքորյան
01 Սեպտեմբերի 2023, 20:11
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությանը եւ, մասնավորապես, Ադրբեջանին սանձելու նպատակով գործնական քայլերի բացակայության խնդրին եւ նշել ՝ անհասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ը չի պաշտպանում այն արժեքները , որոնց դավանել է:
«Ես չեմ կարող խոսել ԱՄՆ կառավարության անունից։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք ինձ պես հստակ չեն տեսնում, որ եթե ուզում են պաշտպանել ԱՄՆ-ի արժեքները և ամբողջ աշխարհին ցույց տալ, թե իրենք ինչ են պաշտպանում, ուրեմն պետք է սատարեն Արցախի ժողովրդին։ Եվ պետք է հանդես գան Բաքվում ֆաշիստական բռնակալի հանցագործությունների դեմ։ Եվ, ես չեմ կարող հասկանալ, թե ինչու դա չդարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար մասը։
Ես այդ մասին խոսել եմ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ նրանցից վճռական գործողություններ եմ պահանջել՝ շրջափակման ավարտն ապահովելու, Ադրբեջանին տրամադրվող օգնությունը դադարեցնելու համար, մինչեւ նրանք չդադարեցնեն իրենց ֆաշիստական, ցեղասպան քաղաքականությունը։ Եվ մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի ընտանիքի անդամներին և նրանց մերձավորներին՝ Մագնիտսկու օրենքի միջոցով։ ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի այս քայլերը, եթե մենք իսկապես ուզում ենք շարունակել լինել ժողովրդավարության և ազատություն փարոս, ինչպես միշտ եղել ենք»:
Քրեքորյանի խոսքով՝ ԱՄՆ հայ համայնքի ակտիվությունը, բողոքի գործողությունները օգտակար են, բայց հարկավոր է, որ խնդրից խոսեն ոչ միայն հայերը, ոչ հայերը եւս պետք է արտահայտվեն: Եթե դա տեղի չունենա, և Ալիևը խուսափի իր հանցագործությունների համար պատժից, ապա հաջորդ վայրագությունը, հաջորդ ցեղասպանությունը այնքան էլ հեռու չէ:
«Աշխարհի բոլոր ֆաշիստական բռնապետերը նայում են, և տեսնում են, որ տանկերը կարող են մտնել Արցախ, որ եթե նա կարող է ռումբեր նետել և սպիտակ ֆոսֆոր օգտագործել Արցախում, կարող է հարձակվել խաղաղ քաղաքացիների վրա, կարող է պատանդ վերցնել քաղաքացիներին եւ խուսափել պատժից, բոլորը, ովքեր ցանկանում են հաստատել իրենց ուժը և հասնել քաղաքական նպատակներին՝ բռնակալության, բռնության, ռասիզմի միջոցով, կտեսնեն և կմտածեն, որ իրենք էլ կարող են խուսափել պատժից: ԱՄՆ-ը երբեք չպետք է թույլ տա, որ համաշխարհային հանրությունն այդպիսին դառնա։ Մենք՝ որպես համաշխարհային հանրություն, պետք է կանգնենք և ասենք, որ քաղաքակիրթ աշխարհում դա անթույլատրելի է, և մենք պետք է դրան վերջ դնենք»,-եզրափակել է Փոլ Քրեքորյանը։