Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում․ նախարարը՝ ՔԿՀ-ում ընդդիմադիր գործչի մահվան մասին
10 Նոյեմբերի 2026, 13:30
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքը։
Նրա խոսքով՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Գևորգյանը առողջական խնդիրների մասին չի հայտնել, ինքնազգացողության վատացում նույնպես չի արձանագրվել։
«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր ՔԿՀ-ներում։ Սրտի կանգ է արձանագրվել։ Այսօր առավոտյան շուտ բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 7։55-ի շրջանում բուժակն այցելել ու զննություն է կատարել, կարճ ժամանակ անց շտապօգնություն է կանչվել, որից հետո արձանագրվել է սրտի կանգ»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը:
Alphanews-ի տեղեկություններով Գևորգյանի մոտ սրտի կաթված է եղել և նա հանկարծամահ է եղել:
«Նոյեմբերի 10-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980 թ. ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետն Նոնա Նավիկյանը։